2017 Ապր 11, Երեքշաբթի 19:00
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի համերգային երեկոն ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ:
Մինչ միջոցառման մեկնարկը Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանը խոսեց Ավագ երեքշաբթի օրվա խորհրդի մասին:
-Ավագ երեքշաբթին հիշատակն է տասը կույսերի:
«Ավետարանի» «Տասը կույսերի առակը» ներկայացնում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությունը, որի հիմնական խորհուրդը Տիրոջ գալստյանը պատրաստ լինելն է, իսկ պատրաստ լինելու գլխավոր պայմանն իմաստությունն է։
Այդ իմաստությունը մեզ սովորեցնում է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ վերջին պահին անել։ Հնարավոր չէ պատրաստվել քննությանը, երբ քննությունն արդեն սկսվել է։ Նույն կերպ հնարավոր չէ պատրաստ լինել Տիրոջ գալստյանը, երբ ամբողջ կյանքն ապրել ենք ծուլության ու անհոգության մեջ։
Կան բաներ, որ չի կարելի պարտք վերցնել, ինչպես հիմար կույսերը չկարողացան պարտքով յուղ վերցնել, երբ դա իրենց այդքան անհրաժեշտ էր։ Նույն կերպ հնարավոր չէ Աստծո հետ հարաբերություններ կառուցել այլ մարդկանց փորձառության հիման վրա։ Մենք ինքներս պետք է մեր փորձառությամբ գնանք Տիրոջն ընդառաջ։ Աստծո հետ հարաբերությունն ամենքիս անձնական պայքարն ու աշխատանքն է. այն հնարավոր չէ պարտքով ստանալ՝ ոչինչ չանելով,- այսպես եզրափակեց Ավագ երեքշաբթի օրվա խորհուրդը հոգևոր հովիվը՝ նշելով նաև, որ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր իր հետաքրքիր և իմաստուն խորհուրդն ունի, որոնք քրիստոնյաները պետք է իմանան:
Այնուհետև ներկաները վայելեցին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի հնչեցրած ազգային երաժշտությունները: