2023 Հուլ 08, Շաբաթ 18:00
«Նարեկացի» արվեստի միությունում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերի հետ:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը ողջունեց այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց Դանիել Դեքերին հանդիպելու այս բացառիկ հնարավորության համար: Նա կարևորեց բացառիկ այս երաժշտի՝ ընտրությամբ հայ լինելը և իր հոգին Հայաստանին նվիրելը:
Երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը գրավել է իր հոգին և արդեն ոչ թե ընտրությամբ է հայ, այլ 2015թ. դարձել է Հայաստանի քաղաքացի և լիարժեք հայ: Դեքերը նշեց, որ իր կապը Հայաստանի հետ ավելի է ամրացել Շուշիում ունեցած համերգից հետ:
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց այս կարևոր հանդիպման համար: Նա տեղեկացրեց, որ Դանիել Դեքերի հետ համատեղ կատարելու են Սայաթ Նովայի «Նազանի» և Արա Գևորգյանի «Մուշ» ստեղծագործությունները, որոնցից վերջինի բառերը գրել է Դեքերը:
Դանիել Դեքերը համագործակցել է Արա Գևորգյանի հետ, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Նաև Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների աշխարհի տարբեր երկրներում:
«Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում 2010թ.: Ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ: 2010 և 2016 թթ. Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը, 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակում համերգով հանդես է եկել Շուշիում: