2023 Ապր 12, Չորեքշաբթի 18:00
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ:
Լսելով «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի կատարումները՝ Արա Գևորգյանն ասաց, որ հպարտության մեծ զգացումով լցվեց, կարևորեց նաև այն գործը, որն անում են անսամբլի երաժիշտները: Նա խոսեց իր ստեղծագործությունների մասին՝ պատմելով դրանց ստեղծման ընթացքի մասին:
Միջոցառումն իրականացվեց «Նարեկացի» արվեստի միության կողմից մեկնարկված շարքի շրջանակում, որի ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի սաները պարբերաբար հանդիպումներ են ունենում անվանի և մեծանուն երաժիշտների հետ:
Արա Գևորգյանը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։
2005 թ. հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։
Գրել է երաժշտություն տարբեր ֆիլմերի համար՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան
Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան